Սմբատ Ա Նահատակ

Սմբատ Ա, նաև՝ Սմբատ Նահատակ (մոտ 850 — 7 հունվար 914), հայոց թագավոր 891 թվականից, սերում է Բագրատունիների դինաստիայից։ Հաջորդել է հորը՝ Աշոտ Ա-ին։

Գործունեություն

Սմբատ Ա-ն հոր իշխանության օրոք՝ 885 թվականից, նշանակվել էր Իշխանաց իշխան և իրականացնում էր հարկահավաքությունը։ 891 թվականին Մեծ ՀայքիԳուգարք և Ուտիք նահանգներում զսպել է տեղի իշխանների երկպառակությունները։

Հոր մահից հետո Գևորգ Բ Գառնեցի կաթողիկոսի և վրաց գահերեց իշխան Ատրներսեհի ձեռքով Շիրակավանում օծվել է հայոց թագավոր։ Դիմակայել է հորեղբոր՝ սպարապետ Աբասի, գահին զինված ուժով տիրելու փորձերին։ Իր գահակալությունը ճանաչել են Արաբական խալիֆայությունը (892) և Բյուզանդական կայսրությունը (893)։ Սմբատ Ա-ն 893 թվականին Բյուզանդիայի Լևոն VI Իմաստասեր կայսեր հետ կնքել է առևտրական շահավետ համաձայնագիր։

Սմբատ Ա-ն վարել է կենտրոնացված ուժեղ պետություն հաստատելու, հայ իշխանների անջատամետ նկրտումները ճնշելու քաղաքականություն։ Նրա օրոք Բագրատունյաց թագավորությունն ընդգրկել է պատմական Մեծ Հայքի հիմնական մասը։ Սմբատ Ա-ի գերիշխանությունը ճանաչել է Սյունիքի և Վասպուրականի գահերեց իշխանները՝ Սյունիներն ու Արծրունիները, Աղվանքի(Հայոց արևելից կողմանց) թագավոր Համամ Արևելցին, վրաց գահերեց իշխան Ատրներսեհը։

Աֆշին ամիրայի հարձակումը

Սմբատ Ա-ն արաբական ամիրաներից ազատագրել է Դվինը, հնազանդեցրել Հայոց թագավորության կազմում գտնվող մյուս արաբական ամիրայությունները, նրանց ստիպել հարկ վճարել և զորք տրամադրել։ Նրա օրոք բարձր զարգացման են հասել արհեստագործությունը, առևտուրը, գյուղատնտեսությունը, քաղաքաշինությունը, մշակույթը։ Արքայանիստը Բագարանիցտեղափոխվել է Շիրակավան։

Սմբատ Ա-ի հաջողություններից անհանգստացած Բաղդադի խալիֆ Ալ-Մութադիդը Հայաստանի դեմ է դրդել ԱտրպատականիՍաջյան ամիրա Աֆշինին՝ նրան շնորհելով Հայաստանում հարկեր հավաքելու իրավունք և ոստիկանի պաշտոն։ Վերջինս 893 թվականին արշավել է Հայաստանի վրա, սակայն հայկական 30 հազարանոց բանակը Ատրպատականի սահմանի մոտ նահանջի է մատնել նրան։

Պետության ամրապնդում

894 թվականին Սմբատ Ա-ն Աֆշինին պարտութան է  մատնել Դողս գյուղի ճակատամարտում։ Միջագետքի արաբական կուսակալ Ահմադ Շայբանին, երբ գրավել է Աղձնիքն ու Տարոնը, Սմբատ արքան ստիպված հաշտության պայմանագիր է կնքել դարձյալ Հայաստան ներխուժած Աֆշինի հետ։

Օգտվելով կարճատև խաղաղությունից, Սմբատ արքան զբաղվել է իր թագավորության հյուսիսային սահմանների ամրացմամբ։ Այնուհետև Սմբատ Ա-ն ստիպված է եղել դիմակայել Ատրպատականի նոր ամիրա Յուսուֆի նվաճողական քաղաքականությանը։ 901 թվականին Յուսուֆը գրավել է Դվինը, բայց, երկյուղելով հայոց բանակի հետ վճռական ճակատամարտից, հաշտության պայմանագիր է կնքել և նահանջել։

Յուսուֆ ամիրայի հարձակում

908 թվականին Յուսուֆը Սմբատ Ա-ի դեմ է հանել Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունուն՝ նրան հռչակելով «թագավոր հայոց»։ Երկրի ներսում ծագել են ավատատիրական նոր երկպառակություններ, որոնց պատճառով Սմբատ Ա-ն չի կարողացել հակահարված տալ 909 թվականին Հայաստան ներխուժած Յուսուֆի և նրան դաշնակցած Գագիկ Արծրունու զորքերին։

910 թվականին Ձկնավաճառի ճակատամարտում պարտություն կրելով, Սմբատ Ա-ն ամրացել է Կապույտ բերդում, ապա երկիրն ավերածություններից փրկելու համար, հանձնվել Յուսուֆին։ Վերջինս, դրժելով անձի անվտանգության պահպանման իր երդումը, նրան շղթայակապ տեղափոխել է Դվին, խոշտանգել՝ պահանջելով հանձնվելու հրաման տալ Երնջակ բերդի պաշտպաններին։ Սմբատ Ա մերժել է բռնակալի պահանջը, նրան գլխատել են, մարմինը խաչ հանել Դվինի հրապարակում։ Սմբատ Ա-ի գահը ժառանգել է որդին՝ Աշոտ Բ Երկաթը։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s