Վարդավառ․Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում

Եկեղեցին այս օրը նշում է որպես Այլակերպության տոն: Սա ևս շարժական տոն է և նշվում է Զատիկից 98 օր հետո: Տոնը, սակայն, բնապաշտական ժամանակներից է և թերևս հայերի ամենասիրելի տոնն է եղել: Հայաստանի որոշ մարզերում (Լոռի, Տավուշ) Վարդավառն անշարժ տոմարով են նշում` հուլիսի վերջին կիրակի օրը: Այս տարի Վարդավառը նշվում է հուլիսի 28-ին: Վարդավառը ջրի տոն է և այդ օրը բոլորը խրախճանքից, երգ ու պարից բացի, նաև ջրում են միմյանց: Եկեղեցին սա բացատրում է նրանով, որ երբ Նոյը Արարատից իջել է Նախիջևան, որպեսզի իր ժառանգների մեջ անմահ պահի ջրհեղեղի մասին հիշատակը, կարգադրել է, որ ամեն տարի այս օրը ջրեն միմյանց: Ամեն դեպքում, մարդիկ Վարդավառին ուխտ են գնացել սարերը, ուր գետերի, աղբյուրների ակունքներն են: Հենց ջրի ակունքների մոտ էլ Վարդավառի տոնախմբություններն են կատարվել, համայնական զոհաբերություն արել, խաղեր ու խրախճանք կազմակերպել: Ամենատարածված խաղը կոխն էր, որ հավանաբար նվիրված էր Վահագն աստծուն: Վահագնին էին նվիրված նաև վանեցի երիտասարդների կազմակերպած ռազմական խաղերը Վարդավառի տոնին, երբ խմբերի բաժանված, պարսատիկներով ու փայտերով «կռվում» էին միմյանց դեմ: Շատ տարածված էին աղջիկների զանազան երգ-խաղերը, զվարճախաղերը: Տոնը սկսվում է շաբաթ երեկոյան, երբ ուխտավորները մատաղ են անում, անասուն մորթում և գիշերային խարույկի շուրջ դիմավորում Վարդավառը: Խարույկ վառելու և տոնը կեսգիշերին դիմավորելու սովորույթը լավ է պահպանվել հատկապես Լոռիում, որտեղ Վարդավառը ժողովրդական ամենասիրելի տոնն է: Վարդավառը նաև խնձորի տոն էր: Առհասարակ, Վարդավառի սեղաններին առատ է եղել միրգը: Ժողովուրդը տոնը երբեմն անվանում էր «խնձորի պաս»: Տարվա առաջին խնձորն ուտում էին Վարդավառին: Այս սովորույթը ուղեկցվել է որոշ ծեսով: Շատախում երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին սարքում՝ մեկը մյուսից մեծ: Մութն ընկնելուն պես վառում էին դեզերը: Ծեսը տևում էր մինչև լուսաբաց, որից հետո կրակի շեղջի մեջ խնձոր էին խորովում և ուտում: Խարույկի շուրջ տոնախմբությունն ուղեկցվում էր երգով, պարով, խաղով ու խնդությամբ: Վարդավառը հասել ա, Բան ու գործս թարսել ա, Թե սիրել ես, ջուր շաղ տուր, Կրակս թեժացել ա… Վարդևորի իր օրն ա, Որդին հորը չի մոռնա, Ով իմ սիրածին ինձ չտա, Սև շան նման թող ոռնա… Վարդևորը մոտ ա, Մեր ճամփեքը քարոտ ա, Գնում եմ յարիս տենամ, Կասեն` ինձի կարոտ ա: Վարդավառի երգերը բազմաժանր են ու բազմատեսակ: Երգում են թափորով, որին ուղեկցում են նվագածուները: Տոնի տիպիկ խաղերից է ձիարշավը, երբ երիտասարդները մրցում են իրենց ձիերով` ցույց տալով իրենց հմտությունները արագության և ձիախաղի մեջ: Տոնը, որ հեթանոսական ակունքներ ունի և նվիրված է Աստղիկ դիցուհուն, ամենասիրվածն է հայոց մեջ: Վարդավառ բառը բաղկացած է վարդ և վառել բառերից, որ նշանակում է սիրո գերագույն խորհրդով օծվել: Տոնի սկզբին` հունիսի 27-ին (Վահագնի օրվան) գումարվում է մարտի 21-ից մինչև առաջիկա լիալուսին ընկած օրերի քանակը: Վարդավառը արարչական սիրո տոն է, որ հովանավորվում էր Աստղիկ դիցուհու կողմից: Տոնի խորհրդանիշներն են օծված վարդերը և վարդաջուրը, որով ցողելով` Աստղիկ դիցուհին սեր է պարգևում մարդկանց: Աստղիկը հայոց սիրո և գեղեցկության աստվածուհին էր, Վահագնի սիրելին: Աշտիշատում գտնվող Աստղիկի տաճարը կոչվում էր «Վահագնի սենյակ», որտեղ, համաձայն ավանդապատումի, Վահագնը հանդիպում էր իր սիրեցյալին: Վահագնի և Աստղիկի ամուսնությունը սրբազան էր համարվում: Նրանց ամուսնությունն անձրև էր բերում, բարիք էր բերում մարդկանց, շանթ ու կայծակ էր թափվում երկրի վրա, որ խորհրդանշում էր տիեզերքի երկունքը: Աստղիկի տաճարներ Հայաստանում ամենուր կային, բայց գլխավորը Աշտիշատինն էր և Վանա լճի ափին գտնվող Արտամետի տաճարը: Վարդավառը ջրի տոն է: Այս օրը մարդիկ խմբվում են ջրի ակունքների մոտ և զոհաբերություններ կատարում, որից հետո սկսվում է խրախճանքը: Ընդունված է զոհաբերել ուլ և գառ: Ավանդության համաձայն՝ Աստղիկ դիցուհին ամեն գիշեր լողանում էր Մշո դաշտով հոսող Արածանի գետում (այստեղից էլ` Վարդավառին միմյանց ջրելու սովորությունը): Սիրահարված երիտասարդները հավաքվում էին մոտակա բարձունքին, որպեսզի տեսնեին աստվածուհուն: Սակայն Աստղիկն աննկատ մնալու համար դաշտը պատում էր մշուշով, որի պատճառով էլ երկիրը կոչվել է Մուշ, դաշտը՝ Մշո դաշտ: Մեկ այլ ավանդապատումի համաձայն` Վիշապները գողանում են Աստղիկին ու պահում իրենց մոտ: Դրա հետևանքով Երկրին պատում է չարն ու մութը: Եվ Վահագն աստվածը հաղթում է Վիշապին, ազատում է իր սիրեցյալ Աստղիկին ու շրջելով երկրի վրա` վարդի ջուր է ցողում` կրկին հավաստելով սիրո և գեղեցիկի հաղթանակը: Նման պատումներ շատ կան ժողովրդական բանահյուսության, հայկական ժողովրդական հեքիաթների մեջ, երբ Վիշապը փակում է ջրի ակունքը և ժողովրդից պահանջում կույս աղջիկ` ջուր տալու համար: Սրանք դեռ բնապաշտական ժամանակներից եկած պատումներ են Վարդավառի մասին: Աստղիկը, Վահագն աստծո սիրեցյալն էր: Նրան անվանել են նաև Ոսկեծղի, Ոսկեբազուկ, Վարդամատն: Աստղիկը, ըստ ավանդության, ծնվել էր ծովի ճերմակաթույր փրփուրներից և երբ քայլում էր, նրա ոտնահետքերում վարդեր էին բուսնում: Դիցուհին վարդի թերթիկներ էր թափում Հայոց աշխարհի վրա, որոնք, քսվելով հայուհիներին, աստվածային գեղեցկություն էին պարգևում նրանց: Աստղիկի գլխավոր մեհյանը Տարոն գավառի Աշտիշատ ավանում էր: Ավանդության համաձայն՝ Աստղիկը բնակվել է Տարոնի Ասղնբերդում, որի տանիքում բույն դրած ծիծեռնակները՝ որպես սուրհանդակներ, լուր էին տանում աստվածուհու սիրեցյալ Վահագն աստծուն: Այստեղից է ծագում նաև մեր օրերում Վարդավառին աղավնիներ թռցնելու սովորությունը: Աստղիկին նվիրված տաճարներ կային նաև Վանա լճի մերձակա Արտամետ գյուղում, Անձևյաց գավառում և այլուր: Երևանի օպերայի և բալետի շենքի տեղում նույնպես եղել է Աստղիկին նվիրված տաճար: Աստղիկ դիցուհուն էր նվիրված հայոց տոմարի յուրաքանչյուր ամսվա յոթերորդ օրը: Տոնակատարության ժամանակ Աստղիկին նվիրաբերել են վարդեր (այստեղից էլ՝ նրա Վարդամատն մականունը), աղավնիներ թռցրել, ջուր ցողել իրար վրա, ուրախացել: Որոշ գավառներում Վարդավառի տոնին Աստղիկ դիցուհուն նվիրված տիկնիկներ են պատրաստել ծառերի ճյուղերից կամ ցախավելից և դրանցով խաղեր կազմակերպել: Նաև ծաղկեպսակներ էին պատրաստում և կովերի ու այլ կաթնատուների ճակատը զարդարում, որպեսզի տարին կաթնառատ լինի: Մեր ժամանակներում պահպանվել է Վարդավառին ցորենի հասկերից խաչբուռ գործելու սովորույթը: Խաչբուռը կամ խաչփունջը հյուսվել է ցորենի հասած արտից հնձած առաջին փնջից և նվիրաբերվել աստվածներին, որպես գոհաբանություն՝ բերքի համար: Խաչբուռը հյուսվել է խաչի տեսքով, կապելով երկինքն ու երկիրը. այն բացարձակապես չի առնչվում Հիսուսի խաչափայտի հետ: Հաճախ գործել են Նուրի աստվածուհու կերպարանքով և կենաց ծառի տեսքով ու գաղափարով: Քրիստոնեության ընդունումից հետո խաչբուռը նվիրվեց Անահիտին փոխարինող Աստվածածնին: Լինելով երիտասարդության սիրելի տոնը` Վարդավառը նաև աղջիկ ընտրելու և «աղջկատեսի» տոն էր: Այս տոնի ժամանակ կատարվող ուխտագնացությունների, արարողությունների ժամանակ հաճախ էին խնամախոսությունները, նշանդրեքի, պսակի արարողությունները: Վարդավառին ամուսնացած աղջիկներն իրավունք էին ստանում երկրորդ անգամ գնալու հորանց տուն և սովորաբար այնտեղ մնում էին 15 օր:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Վարդավառ. քրիստոնեական տոն, որի արմատները գալիս են հեթանոսական ժամանակներից

Այսօր Վարդավառի տոնն է կամ Քրիստոսի Պայծառակերպության օրը: Այն Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնը շարժական է, և նշվում է Սուրբ Զատիկից 98 օր հետո` հունիսի 28-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում և քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանվում է որպես Քրիստոսի պայծառակերպություն՝ որպես մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ:
Միաժամանակ տոնի արմատները գնում են մինչև հեթանոսական ժամանակներ: Հնում Վարդավառի տոնը կապվում էր հայկական դիցարանի ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառին մեծ տոնակատարություններ էին կատարվում, Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:
Tert.am-ի հետ զրույցում Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը պատմեց, թե ինչպես է Հիսուս Քրիստոսը բարձրացել Թաբոր լեռան վրա և իր ամենօրյա աղոթքների շնորհիվ լուսավոր կերպարանք առել:
«Հիսուսը բացահայտեց իր աստվածային փառքը, աստվածային զորությունը: Այստեղ են լինում նաև նրա աշակերտներից, որոնք վերջնականապես համոզվում են, որ Քրիստոսը Աստծո որդին է: Տոնը Վարդավառ է կոչվում այն բանի համար, որ համեմատվում է վարդի կոկոնի հետ, որի մինչև բացվելը չենք իմանում, թե ինչ գույն ու տեսք է ունենալու: Այդպիսին է նաև Հիսուս Քրիստոսը»,-ասաց քահանան:
Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը տոնի անվանումը այլ կերպ է բացատրում: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ Վարդավառ բառը հնդկական ծագում ունի և նշանակում է ջուր ցողել:
«Տոնի անվանման իմաստը քչերին է հայտնի: Այն որևէ կապ չունի վարդ բառի հետ: Տոնը գալիս է մինչքրիստոնեական ժամանակներից և կապված է բերքահավաքի շրջանի հետ: Այն իր մեջ պարունակում էր ջրի ու բնության պաշտամունք և կապված էր Նար և Աստղիկ աստվածությունների հետ»,-ասաց ազգագրագետը:
Արմենուհի Ստեփանյանը նշեց, որ հնում տոնը եղել է շատ բազմազան, որից այսօր պահպանվել է միայն ջրցողումը: Իսկ վերջինիս խորհուրդը բացատրեց հետևյալ կերպ. «Միմյանց վրա ջուր ցողելով մարդիկ իբրև ազատվում են և՛ ահից ,և՛ հիվանդություններից: Նրանք դառնում են երկարակյաց: Վարդավառի ջուրը իր մեջ ուներ գերբնական հատկություններ: Այդ ջրցողումները չէին արվում այնպես, ինչպես այսօր փողոցերում: Դրանք արվում էին ջրամբարների ու գետերի մոտ, այնտեղ որտեղ ջրառատ միջավայր կար: Նրանք հավատում էին, որ դրանով իրենց ապահովում են չարից ու հիվանդություններից»,- պարզաբանեց նա:
Եկեղեցին ազգային այս տոնի ջրցողման սովորությանը տալիս է այլ բացատրություն: Տեր Շմավոնը նշեց, որ այն կապված է Նոյի ջրհեղեղի հիշատակման հետ:
«Մարդիկ կան, որ ասում են, թե դա պարզապես հեթանոսական ավանդույթ է, սակայն դրա մեջ ոչ մի հեթանոսական տարր արդեն չկա: Այս տոնը երկու ձևով է տոնվում՝ հոգևոր՝ պատարագ է մատուցվում և ժողովրդական ծեսով՝ խաղերով, միմյանց վրա ջրելով և այլն: Սրանցով մարդիկ լցրել են իրենց առօրյան ու նշել տոնը: Հեթանոսական շատ ավանդույթներ այսօր մեզանում կան, սակայն մենք այսօր դրանք կատարում ենք առանց որևէ հեթանոսական հենքի ու իմաստի»,-ասաց նա:
Ազգագրագետ Արմենուհի Ստեփանյանը պատմեց, որ հնում հայերը տոնի առիթով սովորաբար աղավնիներ են բաց թողել և տոնական ծառ են պատրաստել , որի վրա կապել են գույնզգույն ժապավեններ, վարդեր ու ամենակարևորը վարունգ ու խորոված խնձոր:
«Տոնի ծիսական ուտեստը խորոված խնձորն էր:Հայերը պարտադիր գիշերը խարույկ էին վառում ու խնձոր խորովում: Իսկ տոնածառերը սովորաբար հսկում էին ծեր կանայք, որոնք ենթադրվում էր, որ Աստղիկ աստվածուհու նախատիպը կարող էին լինել: Նախկինում եկեղեցու դռները զարդարվում էին խնձորներով, վարդերով ու վարունգներով»,- ասաց նա և ընդգծեց, որ հին հայերի մոտ ընդունված էր այդ օրը նշանված աղջիկներին տղայի տանից բաժին ուղարկել՝ մրգեր և հատկապես խորոված խնձոր:
Իսկ թե ինչու հատկապես խնձոր, ազգագրագետը բացատրեց, որ այն համարվում է բեղմանվորման սկիզբը:
Արմենուհի Ստեփանյանը ցավով նշեց, որ ազգային այս տոնը ներկայումս իր ակունքներից շատ է հեռացել: Ըստ նրա՝ պատճառներից մեկն այն է, որ խորհրդային տարիներին տոնը մոռացության մատնվեց: Ազգագրագետը միաժամանակ նշեց, որ այսօր քիչ թե շատ տոնը ակունքներին մոտ է նշվում Տավուշի մարզում: