Արյունահոսություն

Արյունահոսություն, արյան արտահոսամն արյունատար անոթներից՝ անոթի պատի ամբողջականության խախտման հետևանքով։ Արյունահոսության պատճառ կարող են լինել արյունատար անոթների պատերի վնասումը, տարբեր հիվանդությունների դեպքում նրանց թափանցելիության բարձրացումը, արյան մակարդման խանգարումը։ Արյան կորստի դեպքում զարկերակային ճնշումն ընկնում է, խանգարվում է արյան շրջանառությունը, գլխուղեղին, սրտին և մյուս օրգաններին թթվածնի ու սննդանյութերի մատակարարումը։ Արյան ծավալի 1/3 ավելի կորուստը վտանգավոր է կյանքի համար, իսկ 2-2,5 լ արյան կորուստը՝ մահացու։Արյունահոսությունները լինում են երեք տեսակի՝ մազանոթային, երակային, զարկերակային։ Ըստ ծագման՝ արյունահոսություն լինում է վնասվածքային՝ անոթների վնասման պատճառով, և ոչ վնասվածքային՝ կապված որևէ հիվանդագին գործընթացի հետևանքով արյան անոթի քայքայման կամ որոշ հիվանդությունների ժամանակ արյան անոթի պատի թափանցելիության բարձրացման հետ։ Բացի այդ, արյունահոսությամբ են ուղեկցվում այնպիսի ֆիզիոլոգիական գործընթացներ, ինչպիսիք են դաշտանը և ծննդաբերությունը։ Վնասվածքային արյունահոսություն որն առաջանում է անմիջապես վնասվածքից հետո, կոչվում է աոաջնային իսկ վնասվածքից մի քանի օր անց սկսվածը 2-րդային։ Վերջինիս պատճառներն առավել հաճախ վերքի թարախային գործընթացներն են, որոնք քայքայում են վնասված անոթի լուսանցքը փակող արյան մակարդուկները։ Արյունահոսության առաջացմանը, դրա տևողությանը և ուժգնությանը նպաստում է արյան մակարդելիության իջեցումը։

Մազանոթային արյունահոսություն

Մազանոթային արյունահոսության ժամանակ արյունը հոսում է հավասարաչափ, վերքի ամբողջ մակերևույթով (ինչպես սպունգից)։ Քանի որ մազանոթներով արյունը դանդաղ է հոսում, ոչ բարձր ճնշմամբ, ուստի այն հեշտ է կանգնեցնել։ Վերքը մշակում են յոդի թուրմով, վրան դնում մաքուր վիրակապ, որը օրգանիզմը պաշտպանում է մանրէների ներթափանցումից և նպաստում արյան արագ մակարդմանը։

Երակային արյունահոսություն

Երակային արյունահոսության դեպքում արյունը մուգ բալի գույն ունի, հոսում է հավասարաչափ շիթով։ Խոշոր երակի վնասման ժամանակ արյան հոսքը համապատասխանում է շնչառությանը, ոչ թե անոթազարկին։ Խառը արտաքին արյունահոսությունը բնորոշվում է և զարկերակային, և երակային արյունահոսության ախտանշաններով։Երակային արյունահոսության դեպքում արյունը հոսում է հավասարաչափ, անընդհատ, գույնը մուգ է, որը պայմանավորված է ածխաթթու գազի մեծ պարունակությամբ։ Երակներում արյան հոսքի արագությունը համեմատաբար մեծ է։ Վնասված երակից արագ հոսելով, արյունը լվանում տանում է մակարդման ժամանակ առաջացած մակարդուկները։ Կարճ ժամանակում մարդը կարող է կորցնել մեծ քանակով արյուն, որը վտանգավոր է կյանքի համար։ Երակների վնասվածքներն ամենից հաճախ առաջանում են վերջույթներում։ Դրա համար ամենից առաջ անհրաժեշտ է վնասված վերջույթը բարձրացնել վերև, որպեսզի պակասի արյան ներհոսքը, և արյունահոսությունը դադարի։ Երակային փոքր արյունահոսությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է վերքին դնել սեղմիչ վիրակապ, որը սեղմում է վնասված անոթի փափուկ պատերը, նպաստում արյան մակարդուկի առաջացմանը և արգելում արյան հոսքը։

Զարկերակային արյունահոսություն

 Զարկերակային արյունահոսություն

Զարկերակային արտաքին արյունահոսության ժամանակ արյունն ալ կարմիր է, ցայտում է ուժեղ, ընդհատվող շիթով կամ շատրվանի նման՝ անոթազարկին համապատասխան ցատկերով։

Քանի որ զարկերակների պատերը ամուր են, սեղմիչ վիրակապը հազվադեպ է արյունը դադարեցնում։ Դրա համար անհրաժեշտ է վերջույթն առավելաչափ ծալել (ծնկային կամ արմնկային հոդում), ապա ամրացնել վիրակապով։ Խոշոր զարկերակների արյունահոսության դեպքում մատով սեղմել անոթը վերքից վերև, երբ արյունահոսությունը կքչանա, դնել ռետինե խողովակ կամ քուղ։ Նախքան քուղը դնելը, նյարդերը և մաշկը չվնասելու համար, վերքի վրա դնել մի կտոր գործվածք։ Քուղը դնել վնասված մասից վեր և ձգել, որպեսզի հյուսվածքները և անոթների պատերը սեղմվեն։ Արյունահոսությունը դադարելիս անոթազարկը չի շոշափվում, և վերջույթը գունատվում է։ Եթե տուժածին երկու ժամվա ընթացքում չտեղափոխեն հիվանդանոց, անհրաժեշտ է քուղը թուլացնել, որպեսզի հյուսվածքները չմահանան։

Ձևերն ըստ ծագման

Քթային արյունահոսություն

 Քթային արյունահոսություն

Քթային արյունահոսությունների պատճառ կարող են լինել գլխի վնասվածքը, արյան ճնշման բարձրացումը, մարմնի գերտաքացումը։ Քթի արյունահոսության դեպքում արյունը կարող է լցվել բերանի խոռոչ, որից առաջանում է հազ, երբեմն՝ փսխումներ։ Արագ, կտրուկ շարժումները, որոնք առաջանում են հազի, փռշտոցի ժամանակ, ուժեղացնում են արյունահոսությունը։

Մարսողական ուղի

Բերանի խոռոչից արյան արտադրությունը կարող է կապված լինել թոքերի, վերին շնչուղիների, ըմպանի, կերակրափողի և ստամոքսի արյունահոսության հետ։ Բերանից հոսող փրփրանման, ալ արյունը բնորոշ է թոքային արյունահոսությանը (օրինակ՝ տուբերկուլոզի ժամանակ)։ Արյունային փսխումը առավել հաճախ առաջանում է ստամոքսի և 12-մատնյա աղիքի խոցայինհիվանդության ժամանակ, երբ խոցը քայքայում է արյունատար անոթը։ Ստամոքսային արյունահոսություն երբեմն վկայում է մինչ այդ ստամոքսի անախտանշան ընթացող խոցային հիվանդության մասին և երբեմն կարող է բարդացնել սուր ստամոքսաբորբի, ուռուցքների ընթացքը։ Ստամոքսային արյունահոսության հաճախակի պատճառներից է լյարդի ցիռոզը, որի ժամանակ կերակրափողի և ստամոքսի երակային անոթները լայնանում են ու պատռվում։ Ստամոքսի և 12-մատնյա ադիքի արյունահոսության ստույգ ախտանշան է սուրճի մրուր հիշեցնող փսխման զանգվածը (ստամոքս լցված արյունը ստամոքսահյութի աղաթթվի ազդեցությամբ դառնում է մուգ դարչնագույն), ստամոքսային առատ արյունահոսության դեպքում՝ թարմ և մակարդված մուգ կարմիր արյան առկայությունը՝ փոքր քանակով «սուրճի մրուրի» խառնուրդով։ Որոշ ժամանակ (1-2 օր) անց առաջանում է գարշահոտ ձյութանման կղանք (մելենա)։

Արյունն արտաթորանքում

 Թոքերի ներքին արյունահոսություն

Արյունը կղանքում ի հայտ է գալիս ստամոքսաղիքային համակարգի ցանկացած հատվածից, ընդ որում՝ ձյութանման տեսքը վկայում է ստամոքսաղիքային համակարգի վերին բաժինների, իսկ կղանքի հետ հավասարաչափ խառնված մուգ կարմիր արյունը՝ ստորին բաժինների արյունահոսության մասին։ Կղանքի հետ հավասարաչափ չխառնված և չփոփոխված արյունը բնորոշ է հաստ աղիքի ամենաստորին բաժինների արյունահոսությանը։ Մեզում արյան առկայությունը երիկամների, միզածորանի, միզապարկիարյունահոսության նշան է։ Սակայն այս բոլոր նշանները միշտ չէ, որ հնարավորություն են տալիս ճիշտ որոշել արյունահոսության աղբյուրն ու պատճառը, ուստի նման դեպքերում պահանջվում են բարդ ախտորոշիչ հետազոտություններ։ Մեզում, կղանքում արյան չնչին քանակը կարելի է հայտնաբերել միայն մանրադիտակով կամ հատուկ ռեակցիաների օգնությամբ։

Ներքին արյունահոսություն

Ներքին գաղտնի արյունահոսություն, այսինքն մարմնի փակ խոռոչներում արյան կուտակումը լինում է ներքին օրգանների (լյարդ, թոք) վնասման հետևանքով, նման դեպքերում արյունը չի հոսում արտաքին միջավայր։ Այդպիսի արյունահոսությունը հնարավոր է ախտորոշել միայն արյան կորստից առաջացած ընդհանուր վիճակի փոփոխություններով և այս կամ այն խոռոչում արյան կուտակման ախտանշաններով։ Որովայնի խոռոչում արյան առկայությունը բնորոշվում է սուր սակավարյունությանախտանշաններով, գունատություն, անոթազարկի հաճախացում, ծարավի զգացում, քնկոտություն, աչքերի առաջ մթագնում, ուշագնացություն։ Կրծքի խոռոչում արյան կուտակման ժամանակ սակավարյունության ախտանշանները զուգակցվում են հևոցի հետ (շնչառությունը դժվարանում է և հաճախանում)։ Գանգի խոռոչում արյան կուտակման ժամանակ առավել ակնհայտ են գլխուղեղի ճնշման ախտանշանները, գլխացավ, գիտակցության, շնչառության խանգարումներ, լուծանքներ և այլն։

Արյունահոսության դադարեցում

 Նախագարշապարի վիրակապում

Արտաքին արյունահոսության ժամանակ տարբերում են ժամանակավոր (նախնական) և մշտական (վերջնական) դադարեցում։ Ժամանակավորը կանխում է արյան վտանգավոր կորուստը և հնարավորություն տալիս ժամանակ շահել Այան վերջն դադարեցման համար։ Արտաքին արյունահոսության ժամանակավոր դադարեցման եղանակներն են. ճնշող վիրակապը, մատներով արյունահոսող զարկերակը սեղմելը, արյունահոսություն դադարեցնող վիրակապ դնելը, վերջույթի գերծալումը։

Ճնշող վիրակապեր

Ճնշող վիրակապը դնում են առավելապես երակային, մազանոթային և մանր զարկերակային արյունահոսության ժամանակ, հետևյալ կերպ, վերքի վրա դնում են մանրէազերծած թանզիֆե անձեռոցիկ, վրայից՝ մի քանի շերտով ծալած բամբակ, այնուհետև բինտով ձիգ կապում։ Առանձին դեպքերում (օրինակ՝ հետույքի շրջանի, գլխի մազածածկ մասի) վերքերին ճնշող վիրակապ դնելը արյունահոսության ժամանակավոր դադարեցման միակ միջոցն է։ Խոշոր զարկերակային արյունահոսության ժամանակ, զարկերակի սեղմումը՝ վերքի տեղադրությունից վեր, ցանկացած իրադրությունում արյան ժամանակավոր դադարեցման ամենամատչելի եղանակն է։ Դրա կիրառման համար հարկավոր է մարմնի վրա իմանալ այն տեղը (կետը), որտեղ տվյալ զարկերակը առավել մակերեսային է, և հնարավոր է այն սեղմել ոսկրին։ Այդ կետերում գրեթե միշտ հնարավոր է շոշափել զարկերակի անոթազարկը։

Advertisements

Թմրամոլություն

 

Թմրամոլություն, թմրամիջոցների չարաշահումից առաջացած ծանր հիվանդություն։ Հիվանդությունը դրսևորվում է նշված նյութերի ընդունման մշտական պահանջով, քանի որ հիվանդի հոգեկան և ֆիզիկական վիճակը կախված է այն պատրաստուկի ընդունումից, որին նա ընտելացել է։ Թմրամոլությունը հանգեցնում է օրգանիզմի կենսագործունեության կոպիտ խանգարման և սոցիալական անկման (դեգրադացիա)։ Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է և առաջանում Է աստիճանաբար։ Պատճառը թմրամիջոցների հարբեցնող հատկությունն է, որն ուղեկցվում Է հոգեկան ու ֆիզիկական լրիվ հարմարավետության և երջանկության զգացումով: Թմրամիջոցների հանդեպ հիվանդագին հակման զարգացման 2 ուղի։ Առաջինի դեպքում չարաշահումն առաջանում է անգիտակցաբար, հաճախ նշանակած դեղանյ ութերի ոչ ճիշտ օգտագործումից կամ ոչ իրազեկ անձանց խորհուրդներով ինքնաբուժումից։ Ցավերից, տհաճ զգացողություններից, անքնությունից և այլ տանջալի վիճակներից խուսափելու նպատակով որոշ անձինք (հատկապես չափից ավելի տպավորվող, խռովահույզ, կասկածամիտ և այլ նևրոտիկ ապրումներ ունեցողները) ինքնակամ, չգիտակցելով իրենց սպառնացող վտանգը, ավելացնում են նշանակված նարկոտիկ դեղամիջոցի (հոգեներգործուն նյութի) դեղաչափն ու ընդունման հաճախությունը։ Դեղաչափի և ընդունման հաճախության կամավոր ավելացումը, ամեն կերպ թմրամիջոցի ազդեցությունը դանդաղ երկարացնելու ձգտումն անխուսափելիորեն հանգեցնում են թմրամոլության։Երկրորդ ուղին թմրամիջոցային հարբեցում առաջացնելու նպատակով հոգեներգործուն նյութերի գիտակցաբար ընդունումն Է։ Դրան, որպես կանոն, հակված են անկայուն, չհասունացած հոգեկան աշխարհ ունեցող, ոչ ինքնուրույն, ընդօրինակող, ծայրահեղ եսասեր անձինք, որոնց հետաքրքրությունները սահմանափակվում են տարրական պահանջներով։ Այդպիսի անձանց մղումների ինքնահսկումը բացակայում է, այդ պատճառով էլ հարբեցման ձգտումը ներքին դիմադրության չի հանդիպում, թմրամոլությունն առաջանում է արագ և ուղեկցվում հոգեներգործուն նյութի մեծ դեղաչափերի կլանմամբ։ Նման դեպքերում հիվանդության ընթացքը շատ ծանր է, և ելքը, որպես կանոն, ողբերգական։

ՄԻԱՎ-ՁԻԱՀ

ՄԻԱՎ վարակը երկարատև ընթացքով քրոնիկ վարակային հիվանդություն է, որի հարուցիչը մարդու իմունային անբավարարության վիրուսն է՝ ՄԻԱՎ-ը: Ներթափանցելով օրգանիզմ՝ ՄԻԱՎ-ն ախտահարում է իմունային (պաշտպանական) համակարգը (իմունիտետ), ինչի հետևանքով օրգանիզմը կորցնում է վարակների, նաև մի շարք չարորակ ուռուցքների դեմ պայքարելու ունակությունը: ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց մոտ ժամանակի ընթացքում զարգանում են մի շարք հիվանդություններ, որոնք իմունային համակարգի բնականոն վիճակի պայմաններում չէին զարգանա: Դրանց անվանում են օպորտունիստական հիվանդություններ, քանի որ ՄԻԱՎ-ը, թուլացնելով իմունային համակարգը, դրանց զարգանալու հնարավորություն է տալիս: Դրանք հիմնականում պայմանական ախտածին մանրէներով պայմանավորված վարակներ են և չարորակ նորագոյացություններ: Առավել հաճախ զարգացող օպորտունիստական հիվանդություններից են տուբերկուլոզը, պնևմոցիստային թոքաբորբը, Կապոշիի սարկոման, հերպեսը, սնկային հիվանդությունները: Օպորտունիստական հիվանդությունների զարգացումը վկայում է, որ ՄԻԱՎ վարակը թևակոխել է իր վերջնային՝ ՁԻԱՀ-ի՝ ձեռքբերովի իմունային անբավարարության համախտանիշի փուլը:Ներկայումս փաստացի աշխարհի բոլոր երկրներում այս հիվանդությունը գրանցված է։ Առավել մեծ է վարակի տարածման տոկոսը Կենտրոնական Աֆրիկայի, Կարիբյան ծովեզրի երկրների, ԱՄՆ-ի, Արևմտյան Եվրոպայի համար։ Վարակակիրների ընդհանուր տոկոսը 1989 թվականին ըստ տարբեր գնահատումների կազմում էր 5-20 միլիոն մարդ։ Այս ախտահարմամբ տառապում են հատկապես քաղաքների բնակիչները։ Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության պաշտոնական տվյալների համաձայն ամեն րոպե երկիր մոլորակի վրա ՄԻԱՎ-ով վարակվում է 19 մարդ, իսկ ՁԻԱՀ-ից մահանում է 11 մարդ։

Տուբերկուլյոզ

Տուբերկուլոզ բակտերիան, որը մարդկանց մոտ տարածվում է վատ եփած մսի և չպաստերիզացված կաթի միջոցով։Առավել հաճախ ախտահարվում են շնչառական օրգանները՝ թոքերը, սակայն ախտաբանական պրոցեսի մեջ ընդգրկվում են նաև այլ օրգան համակարգերը։Հիվանդությունը սկզբնական հատվածում կարող է չարտահայտվել, թաքնված լինել։ Այս փուլում հիվանդների 10 %-ը հավակնում է ունենալ ակտիվ տուբերկուլոզ և կարող են նույնիսկ մահվան հանգել, եթե անհրաժեշտ բուժումներ չստանան։Նաև հավաքագրվել է, որ աշխարհում մարդկանց 30%-ը վարակված է տուբերկուլոզով, սակայն չի ցուցաբերում ախտանիշներ։ Հիվանդության տարածման հայտնի օջաններից է Ռուսաստանի Դաշնությունը։Տուբերկուլոզի ավանդական ախտանշաններն են՝ քրոնիկ հազը, արյունոտ հազը, կրծքավանդակի հատվածում հաճախակի ցավեր, շնչահեղձություններ, ջերմություն, ուժեղ քրտնարտադրության հատկապես գիշերները և մարմնի քաշի նվազում։Տուբերկուլողը կարող է տարածվել հեղուկային արգասիքների միջոցով։ Այսինքն՝ օդակաթիլային ուղով, երբ մարդը, ով տուբերկուլոզ կրող թոքեր ունի՝ հազում, խոսում, թքում կամ փռշտում է։Տուբերկուլոզի ակտիվացումը ավելի հավանական է, երբ անձը ծխում է կամ ունի ՄԻԱՎ/ՁԻԱհ։Տուբերկուլոզը հայտնաբերելու միջոցներից մեկը մարդու կրծքավանդակի ռենտգենային հետազոտությունն է։ Նաև մանրադիտակային ուսումնասիրությունների միջոցով կարողանում են արագորեն գտնել հարուցիչ բակտերիային։Այն հայտաբերելու համար բժիշկը առաջին հերթին լաբորատոր փորձաքննության է ենթարկում հիվանդի խորխը:

 

Գիտակցություն

Գիտակցություն , գիտակցության խանգարման ձևերը

Գիտակցության խանգարումներ

Գիտակցությունը արտաքին ազդակների հանդեպ ուղեղի բնածին կամ ձեռքբերովի ռեակցիաների ամբողջությունն է, որի միջոցով օրգանիզմը ապահովում է կապը արտաքին միջավայրի հետ։Խանգարման ընղհանուր նշաններ• նյարդային համակարգի խանգարումներ՝

— տեսողության, խոսքի, լսողության, կողմնորոշման, հիշողության, զգացողության և այլն,

— գլխացավ, գլխապտույտ,

— շշմածություն, թուլություն,

— սրտխառնոց, փսխում,

— ցավի ռեակցիայի բացակայություն,

• շնչառության փոփոխություններ,

• անոթազարկի փոփոխություններ,

• մաշկի գույնի փոփոխություններ։

Առաջին օգնություն

• Ապահովել տուժածի անվտանգությունը։

• Հանգստացնել տուժածին։

• Զանգել շտապօգնություն։

• Օգնել տուժածին ընդունելու հարմար դիրք։

• Պաշտպանել տուժածին գերտաքացումից կամ գերսառեցումից։

Գիտակցության կորուստ: Ուշագնացություն

Ուշագնացությունը գիտակցության կորստի հետևանք է, որը զարգանում է գլխուղեղի արյան շրջանառության կարճատև խանգարման արդյունքում։ Ուշագնացության պատճառ կարող է լինել զգացմունքային գերլարվածությունը, փակ տարածքում առանց թարմ օդի երկար ժամանակ գտնվելը, մարմնի դիրքի կտրուկ փոփոխությունը, հղիությունը, ինչպես նաև լուրջ հիվանդությունները։ Այս վիճակին կարող է նախորդել գլխապտույտ, մշուշված վիճակ, տեսողության խանգարում, սրտխառնոց։

Առաջին օգնություն ուշագնացության դեպքում

• Պահպանել տուժածին վնասվածքից ընկնելիս և պառկեցնել նրան հարթ մակերեսին։

• Բարձրացնել տուժածի ոտքերը մոտ 20-30 սմ։

• Տալ շնչելու անուշադրի սպիրտ։

• Գիտակցությունը վերականգնվելուց հետո խմացնել քաղցր տաք թեյ, ապահովել մարմնի նորմալ ջերմաստիճանը։

Անկախ գիտակցությունը կորցնելու պատճառից երկարատև անգիտակից վիճակում գտնվող տուժածի մկանները թուլանում են, կլման և հազի ռեֆլեքսները բացակայում են, որը հանգեցնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը և առաջացնում շնչառության կանգ։

Գիտակցության բացակայության, բայց շնչառության և անոթազարկի առկայության դեպքում տուժածին պետք է շրջել կողքի՝ անվտանգ (ապահով) դիրքի (ԿԱԴ):

Անվտանգ դիրք կողքի վրա. առաջին տարբերակ

Ստորև թվարկած գործողությունները կատարելիս հատուկ ուշադրություն դարձնել տուժածի գլխին և ողնաշարին՝ նկատի ունենալով հնարավոր վնասվածքները.

1. Կանգնել կամ ծնկի իջնել տուժածի կողքին։

2. Մի ձեռքով բռնել ձեր կողմի կոնքազդրային հոդի շրջանից և մի փոքր բարձրացնել կոնքը։

3. Մյուս ձեռքով բռնել տուժածի ձեռքը ափով դեպի վեր, և հնարավորինս խորը հրել այն բարձրացրած ազդրի տակ։

4. Ծալել տուժածի՝ ձեր կողմի ոտքը ծնկան հոդում՝ հնարավորինս մոտ բերելով ոտնաթաթը կոնքին:

5. Ամուր բռնել տուժածի հակառակ կողմի ուսը և կոնքը, դանդաղ և համաչափ շրջել տուժածին և հենել նրան ձեր ոտքին։

6. Տուժածի ազդրի տակ գտնվող ձեռքը բռնել արմունկից և դաստակից ու զգուշորեն հետ տանել և ծալել՝ դաստակը հենելով մեջքին։

7. Շրջելուց հետո վերևում հայտնված նրա ձեռքը ծալել արմունկից՝ ափը դնելով կզակի տակ։

8. Կայունացնել տուժածի գլուխը, զգուշությամբ հետ տանել այն և դեմքը շրջել դեպի ներքև։

9. Բացել տուժածի բերանը։

Անվտանգ դիրք կողքի վրա. երկրորդ տարբերակ

1. Տուժածի ձեր կողմի ձեռքը բացել նրա մարմնի նկատմամբ ուղիղ անկյան տակ և մի փոքր վերև տանել։

2. Տուժածի մյուս ձեռքը ծալել իր որովայնի վրա։

3. Ձեր մի ձեռքով ամուր բռնել տուժածի՝ ձեզանից հեռու գտնվող ուսը։

4. Տուժածի որովայնին դրված ձեռքը բերել նրա ուսը բռնած ձեր ձեռքի վրա։

5. Մյուս ձեռքով ամուր բռնել նրա կոնքից։

6. Ուսից և կոնքից բռնած՝ դանդաղ, համաչափ և զգուշորեն շրջել տուժածին դեպի ձեզ և պահել նրան ձեր ծնկներով։

7. Շրջելուց հետո ձեր ձեռքին դրված նրա ձեռքը դնել նրա մյուս ձեռքին՝ բաց չթողնելով նրա կոնքը։

8. Ձեր ազատված ձեռքով բռնել տուժածի կոնքը, մյուս ձեռքը հեռացնել կոնքից՝ սահեցնելով դեպի տուժածի՝ վերևում հայտնված ոտքը, ծալել այն ծնկան հոդում և հենել հատակին։

9. Ծալված ոտքի թաթը դնել տուժածի մյուս ոտքի ծնկափոսում։

10. Գլուխը մի փոքր հետ տանել, միաժամանակ դեմքը շրջելով դեպի ներքև, և բացել նրա բերանը։

Անվտանգ դիրք կողքի վրա

1. Տուժածի՝ ձեզ մոտ գտնվող ձեռքը հարմարեցրնել նրա իրանի նկատմամբ ուղիղ անկյան տակ՝ ծալելով արմնկային հոդում, դաստակը՝ ափով վեր:

2. Նրա մյուս ձեռքը անցկացնել կրծքավանդակի վրայով այնպես, որ դաստակի արտաքին մակերեսը կպչի տուժածի ձեր կողմի այտին:

3. Ազատ ձեռքով ծալել տուժածի՝ ձեզանից հեռու նվող ոտքը՝ ծնկից մի փոքր վերև բռնելով։

4. Ուսից և կոնքից բռնած՝ դանդաղ, համաչափ և զզուեն շրջել տուժածին դեպի ձեզ:

Կողքի անվտանգ դիրքը`

• ապահովում է օդի մուտքը դեպի շնչուղիներ,

• թույլ է տալիս գիտակցությունը կորցրած տուժածների շրջանում կատարելու երկրորդային զննում։

Կողքի անվտանգ դիրքի բերելիս ցանկալի է տուժածին շրջել աջ կողմի վրա, եթե չկան վնասվածքներ։ 30 րոպեն մեկ պետք է տուժածին շրջել մյուս կողմի վրա։

Հիշե՛ք

Անգիտակից վիճակում գտնվող մարդուն կտրականապես արգելվում է տալ որևէ հաբ, ջուր, ատամների միջև դնել փայտիկ կամ որևէ գործիք։ Արգելել այդ ամենը կատարել ցանկացողներին։