Ավետիք Իսահակյան

Մեկը չեղավ

Մեկը չեղավ, որ իմանար վշտերս,
Քնքուշ ձեռքով դարման աներ վերքերիս.
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս,
Անուշ բույր տար, վարդի գույն տար երգերիս:

Կյանքս կտամ սրտից բխած համբույրին,
Ա՜խ, թէ մեկը ինձ հասկանա՜ր ու սիրե՜ր:
Ի՞նչ կա երկրում և՛ սրբազան, և՛ անգին,
Քան թէ զոհվել, քան թէ լինել անձնվեր:

Բայց ես կյանքում շա՛տ սիրեցի ու լացի, —
Մեկը չեղավ, որ ամոքեր վշտերս,
Սիրող սրտի ծարավ, ծարավ մնացի,
Մեկը չեղավ, որ գուրգուրեր վարդերս…

Հայրենիքիս

Ցորենի ծփուն արտերի եզրին
Կանգնել, խորհում եմ սրտիս մեջ լռին՝
Մի՞թե դու չէիր, հայրենիք իմ հեգ,
Որ տայգաներից, մթին յուրդերից
Հորդացող — եկող ելուզակների
Բյուր նիզակ ու տեգ
Սրտիդ մեջ մխված՝ ընկել էիր խեղճ,
Քառուղու վրա բախվող ազգերի,
Դաժան դարերի մղձավանջի մեջ,
Սմբակների տակ խոլ նժույգների.
Եվ սրում էին ճիչով խնդագին
Անգղներն իրենց կտուցները վես
Քո արևակեզ ժայռերի վրա՝
Հոշոտելու քեզ…
Եվ սակայն հիմա
Դու նորից ծաղկել, ցնծում ես նորից,
Ելնում է ծուխը խրճիթներից հին,
Ուր մայրս անուշ օրորել է ինձ,
Իմաստավորել մանուկ իմ հոգին
Քո հզոր լեզվով, երկիր կաթոգին։
Այնքան ժամանակ, որ պիտի հերկե
Սևահողդ հին՝ քո կտրիճ որդին,
Եվ գուսանդ վառ՝ սերդ պիտ երգե,
Դու պիտի ծաղկիս, երկիր հայրական,
Քո ոգով, ոճով և բարձրագլուխ,
Դու պիտի հնչես, հնչես հաղթական,
Իմ հին հայ լեզու՝ քա՛ղցր ու սրտաբո՛ւխ։

 

 

Advertisements

Ավետիք Իսահակյան

Իսահակյանն առաջնակարգ բանաստեղծ է, թերևս այդպիսի լուսավոր ու անմիջական տաղանդ այժմ ողջ Եվրոպայում չկա: Իսահակյանը բազմաժանր գրող է` բանաստեղծսւթյուն, պոեմ, բալլադ, պատմվածք, հեքիաթ, զրույցներ, կատարել է նաև թագրմանություննր: 1987թ. լույս է տեսել նրա առջին գիրքը` «Երգեր ու վերքեր» վերնագրով: Նրա ապրած ժամանակաշրջանի ամենամեծ աղետը նա համարում է նյութամոլ ու անարդար աշխարհը: Նրա բանաստեղծությունները գրված են հայրենասիրական, մայրական սիրո, սիրո, բնության, պանդխտւթյան թեմաներով: Շատ հաճախ նրա գործերում հայրենիքն ու մայրական սերը միաձուլված են: