Կարդում ենք. Պարույր Սևակ

Պարույր Սևակ մարդը
Բանաստեղծ Սևակը
«Անլռելի զանգակատուն» պոեմը
Սևակյան ընթերցումների ձայնագրությունններ, տեսագրություններ:
Ճամփորդություն Սևակի ծննդավայր:

ՔՈ ԱՆՈՒՆԸ

Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու
քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե:

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման:

Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի:
Ես ատում եմ և այդ գույնը:

…Եթե աղջիկ ես ունենամ`
Նա կկոչվի քո՛ անունով:

Ես ատում եմ քո անունը…

Ութնյակնր

Բավական է
Ասես «ջանիկ»`
Իրեն կզգա
Նա երջանիկ…
Վա՜յ քո խելքին,
Վա՜յ քո երգին,
Վանդակ ընկած
Դու դեղձանիկ…
՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜
Զարմանքդ զո՜ւր է:
Չէ՞ որ հին խոսք է.
Հացը մի թուր է,
Որ տափակ կողմով նույնպես կտրում է:
Եվ կամ, որ նույնն է.
Շունը որ շուն է`
Ուտելիս նա՛ էլ
Ձայնը կտրում է:
՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜՜

Զատկական տոնի ժողովրդական ընկալումները

Վարկածներ կան, որ սկզբնական շրջանում Հայաստան աշխարհում Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից զատելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը:
Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.
-Շվոտը դուրս, մարտը` ներս:
Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ):
Մի ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ ձուլում իր շողերը, դյութիչ ձայնով երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատի գույների թարմությունը, իսկ Մայր Անահիտը դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)
Զատիկ բառը հատանել` Զատել կամ բաժանել կամ էլ անջատել բայից բխեցնելն է:
«Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված:
Հետաքրքրական է զատիկ բառը ընծա կամ ձու, կամ էլ զոհ, պատարագ բառերի շարքում իբրև հոմանիշ ընդունելը:
Զատիկ բառը հայ մատենագրության մեջ առաջին անգամ հիշատակվել է Ավետարանի հայերեն թարգմանությունում`  որպես հունարեն պասքա կամ պասեք բառի համարժեք: (Եբրայերեն` բասխ կամ բեսախ), որը նշանակում է ելք, անցք:
Հայերի մոտ Զատիկը մշտապես տոնվել է մեծ ճոխությամբ. Տոնական ուտեստներից մինչեւ հագուստ ու նվերներ կազմել են զատկական օրերի կարեւոր մասերը: Տոնի պատրաստությունները սկսվել են շատ ավելի վաղ, քան շաբաթ երեկոն: Տանտիկինները օրեր առաջ «ածիկ» են աճեցրել` տոնին ներկած ձվերը դրա մեջ դնելու նպատակով: Ածիկը ծլեցրած ցորենն է, որը  համարվում է մեռնող ու հառնող կյանքի խորհրդանիշ: Այսինքն` ցորենը ցանում ես` մեռնում է, հետո ծլում է, ու միջուկից դուրս է գալիս կանաչը` խորհրդանշելով նոր կյանքի սկիզբը: Զատիկի տոնակատարությունների գլխավոր արարողությունը եղել է համայնական մատաղը,  որ «ախառ» էր կոչվում ու համարվում էր տարվա ամենաթանկ մատաղը:  Ողջ գիշեր մատաղի եփման արարողությունը ուղեկցվել է զատկական խաղերով ու երգերով: Մեծ բախտավորություն է համարվել, երբ  այդ գիշեր տղա էր ծնվում. լուրն  արագորեն տարածվում էր, ու զատկական Կիրակին նորածնի ընտանիքի համար սովորականից ավելի մարդաշատ էր լինում:
Ի հիշատակ դրախտի Կենաց Ծառի` Զատկի առթիվ ընդունված է եղել տներում նաև Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարելը: Որևէ կժի, կճուճի կամ ծաղկամանի մեջ չորացած  ճյուղեր են դրել երիտասարդները  և դրանց  վրա կախել են զանազան ձևերով փնջած ասեղնագործ ձվիկներ:
Տոնական սեղանը
Զատկական սեղանը պատկերացնել առանց ներկած ձվերի, թերևս անհնար է: Ձուն օրինակն է ամբողջ աշխարհի. վերին կեղևն օրինակն է երկնքի, թաղանթը` օդի, սպիտակուցը` ջրի, իսկ դեղնուցը` երկրի: Ձուն կարմիր ներկելով` հայտնում ենք, որ ամբողջ աշխարհը  Քրիստոսի արյամբ գնվեց, և դրանով քարոզում ենք մեր փրկությունը: Ձուն երկու անգամ է ծնվում, առաջին անգամ` երբ հավն է ածում, իսկ երկրորդ անգամ, երբ ձվից ճուտ է դուրս գալիս: Մարդն էլ է երկու անգամ ծնվում. առաջին անգամ մորից, իսկ երկրորդ անգամ` Մկրտության ավազանից: Ձու ներկելու ամենատարածված գույնը կարմիրն է, բայց, ազգագրագետների վստահեցմամբ,  հնում հայերը ձվերը ներկել են «գարնան բոլոր գույներով»:
Զատկի տոնական սեղանին իրենց պատվավոր տեղն ունեն նաև բրնձով, չամիչով ու չրերով  փլավը,  ձուկը, գինին ու  կանաչեղենը:  Այդ ցանկում կարեւոր է նաեւ տոնական գաթան, որը խորհրդանշում է արեւը:
Խաղաշատ Զատիկ
Սուրբ Զատիկն անհնար է պատկերացնել առանց ձվախաղերի, որոնք տարբեր են եղել հայոց տարբեր գավառներում, բայց ընդհանուր առմամբ առանձնացվում են հետևյալ ամենատարածվածները.
1. Խաղում են երկուսով: Որոշում են, թե ով է առաջինը խփելու, եւ որոշյալը խփում է խաղընկերոջ բռան մեջ գտնվող ձվի երևացող սուր գագաթին: Եթե առաջին հարվածից ջարդվում է խփվող ձուն` խաղընկերն իրավունք ունի մրցելու նաև ձվի բութ գագաթով: Եթե ջարդվում է նաև երկրորդ գագաթը, ապա ջարդված ձուն տրվում է խփողին: Եթե խփողը ձուն ջարդում է, ապա նա ջարդված ձվի տիրոջից ստանում է մի ամբողջական, չխփված ձու: Եթե ջարդվում է  խփողի ձուն, ապա նա պարտված կողմն է եւ անիջապես խաղընկերոջն է հանձնում իր ջարդված ձուն կամ, ըստ պայմանավորվածության, մեկ ամբողջական չջարդած ձու:
2.  Մի քանի մարդկանցից բաղկացած խումբը միմյանց ետեւից գլորում են իրենց ձվերը թեքության վրա եւ ջանում, որ այն դիպչի իրենից առաջ գլորածներից որեւէ մեկի ձվին: Այդ դեպքում նա տիրանում էր մինչ այդ գլորված բոլոր ձվերին: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
3. Մի քանի հոգի միաժամանակ, նույն գծից թեքության վրա գլորում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի արագ եւ երկար է գնում` նա շահում է բոլոր գլորած ձվերը: Այս խաղը կարող են խաղալ նաեւ ջարդված ձվերով:
4. Մի քանի  հոգի միաժամանակ, հրահանգով պտտեցնում են իրենց ձվերը: Ում ձուն ամենից ավելի երկար պտտվի, նա շահում է բոլոր պտվվող ձվերը:
Ժողովուրդն ասում է
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձուն Զատկին կսազե:
Կարմիր ձու տուր, կամիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հենց սովածանան, Զատկի փլավը միտքը կբերեն:
Պաս չբռնողը զատկի համը չի գիտենա:
Աղտոտ մարդը զատկին էլ աղտոտ կլինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծող ձմեռնե կելնի զատիկ:
Զատիկն ասել ա` հենց գամ արմանա, հենց գնամ` զարմանա:
Զատիկն եկավ, չունի կապա, ով նվիրի ինձ մի կապա, նրան ասեմ` Հաջի պապա:

Ֆիլմը դիտել այստեղ

Օգտագործված գրականություն` Հրանուշ Խառատյան, «Հայ ժողովրդական տոները», Եր., 2005

Զատկական երգեր

Զարկ բոլոճիկ

Զարկ բոլոճիկ, զարկ դու զարկ, ես խաղամ,
զարկ բոլճիկ, զարկ դու զարկես, ես  խաղամ,
ճաշիկ դու պաղի, Սարակ դու քաղի:
Զարկ բլոճիկ, զարկ դու զարկ, ես խաղամ,
զարկ բոլոճիկ, զարկ դու զարկ, ես խաղամ,
զատկե զատիկ է նավահատիկ է:
Զատկե զատիկ է նավահատիկ է:
Զարկ բոլոճիկ, զարկ դու զարկ, ես խաղամ,
զարկ բոլոճիկ, զարկ դու զարկ,
բոլոճիկ զարկ դու զարկ, ես խաղամ:
Զատկե զատիկ է, չամչ է հատիկ է,
զարկ բոլոճիկ, զարկ դու զարկ, ես խաղամ:
Զատկ է զատիկէ չամչ է հատիկ է:

Կարկաչա

Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:
Կարմիր կովեն կաթ կուզեմ,
Կարմիր կովեն եղ կուզեմ,
Սև հավեն էլ հավկիթ կուզեմ,
Կարմիր հավկիթ ներկել կուզեմ:
Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:
Կարմիր հավկիթ դուրս բերեք,
Թուխ հավի հավկիթ բերեք,
Ով որ կտա՝ թող շեն մնա,
Ով որ չտա՝ չոր չորանա:
Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա:
Ով որ չտա իմ հավկիթներ՝
Մուկն ու կատուն իրենց թթուն,
Ով որ ընձի հավկիթ կտա,
Աստված նրան հազար թող տա:
Կարկաչա, կարկաչա,
Կարինկաչա, կարկաչա,..

 

Տնային աշխատանք

Միրհավ պատմվածքից դուրս գրել 5 համեմատություն:

1․ Օդը մաքուր էր, արցունքի պես ջինջ։
2․ Սիմինդրի երկար տերևները թրերի նման քսվում էին իրար, պողպատի ձայն հանում։
3․ Դիլան դայու միտքն էլ տարուբեր էր լինում, ինչպես քամիների բերանն ընկած չոր տերև։
4․ Հարսը փափուկ քայլերով, ինչպես այծյամը ձյունի վրա, մոտեցավ հնձանին:
5․ Դռան մոտ զրնգացին Սոնայի շալե շապիկի արծաթ սուրմաները և ներս մտավ, ինչպես միամիտ հավքը վանդակի բաց դռնով։

Վերլուծություն

Դիլան և Սոնան սիրում էին միմյանց, բայց, քանի որ Դիլանը աղքատ էր, աղջկա ծնողները դեմ էին նրանց սիրուն։ Ի վերջո Սոնային ամուսնացրին հարուստ տղամարդու հետ, սակայն նա երջանիկ չէր։ Սոնան շարունակում էր Դիլան դային սիրել։ Պատմվածքի մեջ Դիլանը միրհավին նմանեցնում էր Սոնային, քանի որ աղջկա պես միրհամը թռավ ու գնաց իր հետևից թողնելով միայն տխրություն և դառնաթախիծ հուշեր: Ըստ ինձ եթե մարդիկ սիրում են միմյանց, ապա նույնիսկ ծնողները չեն կարող բաժանել նրանց ու քանդել իրենց ապագան։

 

Ընթերցողական նախագիծ, կարդում ենք Բակունց

Նախագծի ժամկետը ապրիլի 1-10
Մասնակիցներ` Քոլեջի և Ավագ դպրոցի սովորողներ:
Նպատակը`  ծանոթանալ մեծ գրողի կյանքի մանրամասներին, ստեղծագործությանը:
Ընթերցվելիք նյութերը

Կյանքի էջերից
Բակունցը ժամանակակիցների հուշերում
Բակունց և Չարենց
«Մթնաձոր»
Continue reading Ընթերցողական նախագիծ, կարդում ենք Բակունց

Չարենց և Արփենիկ

Հայտնի փաստ է, որ Եղիշե Չարենցի անձնական կյանքը եղել է շատ բուռն և լի բազմաթիվ սիրային արկածներով: Սակայն կար մեկը, որի հանդեպ մեծ բանաստեղծն իսկապես խորը և մնայուն զգացմունք է ունեցել, և որին նա այդպես էլ չմոռացավ մինչ իր կյանքի ողբերգական ավարտը: Այդ անձնավորությունը Արփենիկն էր՝ Չարենցի առաջին կինը:

Արփենիկ Տեր-Աստվածարյանը ծնվել էր 1899 թվականին՝ Գողթն գավառի Վերին Ազա գյուղում (այժմ Նախիջևանի ինքնավար հանրապետության կազմում է): Նախնական կրթությունը նա ստանում է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում։ 1920-ին Արփենիկը գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների` Մերձավոր Արևելքի ամերիկյան նպաստամատույց կոմիտեի (Ամերկոմ) որբանոցին կից դպրոցում: Հենց այստեղ էլ կայանում է Չարենցի և Արփենիկի հանդիպումը. Չարենցը որպես ուսուցիչ աշխատում էր նույն այդ դպրոցում: Բացի տարբեր արժանիքներից, Արփենիկը հայկական և ռուսական պոեզիայի լավ գիտակ էր և հրաշալի ասմունքող: Երիտասարդները շատ արագ մտերմանում են՝ բազում ընդհանուր հետաքրքրություններ գտնելով իրար մեջ: Շուտով` 1921-ի մայիսին, նրանք ամուսնացան և իրար հետ մեկնեցին Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում սովորելու։ Չարենցն այդ ժամանակ 24 տարեկան էր, իսկ Արփենիկը՝ 22:

Մեծ է եղել Չարենցի զգացմունքը Արփենիկի հանդեպ, որին հետագայում նա պիտի կոչեր «կին, ընկեր և հերոսական բարեկամ», և այդ սերը հետագայում էլ մշտապես ներշնչանքի աղբյուր է հանդիսացել բանաստեղծի համար։ Արփենիկը բնավորությամբ մեղմ էր, հանգիստ ու հանդուրժող՝ ի հակադրություն Չարենցի անհանգիստ, ըմբոստ խառնվածքի: Արփենիկը միշտ հոգեկան նեցուկ է եղել Չարենցին, տխուր պահերին երգել նրա համար, և ամենակարևորն է՝ միշտ հասկացել է բանաստեղծին, ընդունել նրան ինչպես որ կա, ներել նրա բոլոր մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային ու գրական բազում վեճերը:

1926-ի սեպտեմբերին, երբ Արփենիկը գործով մեկնել էր Լենինգրադ, Չարենցի հետ մի կարճատև սիրային արկած պատահեց, որը, սակայն, վատ ավարտվեց նրա համար: Բանաստեղծը երևանյան ակումբներից մեկում տեսնում է 16-ամյա Մարիաննա Այվազյանին` կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քրոջը, և անսպասելի տարվում է նրանով: Մի քանի անգամ փորձ անելով նրա հետ զրույցի բռնվել, սակայն մերժում ստանալով՝ Չարենցը քաղաքային այգում ատրճանակի կրակոցով թեթև վնասվածք է պատճառում Մարիաննային:

Չարենցի դեմ հարուցվում է քրեական գործ, և նա հայտնվում է բանտում: Սակայն դեկտեմբերի վերջին օրերին կտրուկ վատանում է արդեն Երևան վերադարձած Չարենցի կնոջ՝ Արփենիկի առողջական վիճակը: Նրա մոտ հղիության հետ կապված բարդություններ են ի հայտ գալիս, և 1927-ի հունվարի 1-ին Արփենիկը մահանում է: Չարենցին ազատ են արձակում բանտից՝ կնոջ հուղարկավորությանը մասնակցելու համար: Արփենիկը թաղվում է Երևանի Մլերի գերեզմանատանը, որը ներկայիս Կոմիտասի պանթեոնի տարածքն է (նրա գերեզմանը չի պահպանվել):

Չարենցը սարսափելի ծանր տարավ Արփենիկի մահը։ Ինչպես ականատեսներն են վկայում, թափորի ողջ ընթացքում նա հոգեկան ծանրագույն վիճակում էր գտնվում: Արդեն գերեզմանի մոտ նա դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը և կրկին ու կրկին հպվել Արփենիկի դեմքին։ Թաղման ականատես Վահրամ Հովսեփյանը գրում էր. «Դագաղը ներկայիս պրոսպեկտի մոտով տանում էին քաղաքային գերեզմանատուն: Լսվում էր մի բարձր սրտաճմլիկ ձայն՝ Չարենցի լացն էր դա… Նրան գերեզմանաթմբից բարձրացրին արդեն ուշաթափ վիճակում…»։ Վկայություններ կան նաև, որ Արփենիկի դագաղում, ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը թողնում է ինչ-որ ձեռագրեր, հավանաբար Արփենիկին նվիրված բանաստեղծություններ էին։

Թաղումից հետո հաջորդ օրն իսկ Չարենցն իր բնակարանից դուրս է հանել և բակում, խարույկի մեջ այրել հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով բերել էր 1924 թվականին եվրոպական շրջագայությունից: Հավանաբար դա արել է, որպեսզի այդ զգեստներն ուրիշի ձեռքը չընկնեն, և դրանով իսկ չնսեմացվի սիրելիի հիշատակը։ Չարենցը թաղման արարողությունից առաջ հանել էր տվել Արփենիկի գիպսե դիմակն ու ձեռքի կրկնօրինակը, և որպես կնոջ հիշատակի անգին մասունքներ դրանք հետագայում միշտ նրա հետ են եղել, իսկ այժմ պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։

Այդ օրերին էր նաև, որ Չարենցն իր կրծքավանդակի ձախ մասում` սրտի մոտ, դաջեց Արփենիկի մահվան տարեթիվն ու նրա անվան ու ազգանվան առաջին տառերը՝ «1927, հունվար, Ա.Չ.»: Իսկ տարիներ անց երկրորդ ամուսնությունից ծնված իր առաջնեկին նա կանվանի Արփենիկ:

1930 թվականին Երևանում լույս է տեսնում Չարենցի «Էպիքական լուսաբաց» ժողովածուն, որը բանաստեղծը նվիրել էր Արփենիկին՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին»։ Գրքում նաև Արփենիկին ձոնված երկու սոնետ կա: Նրանցից առաջինում Չարենցը գրում էր.

«Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսակա՛ն ընկեր,

Դու ապրեցիր, անցար և էլ չկաս հիմա,

Սակայն դեռ կյանքը կա և չի՛ դարձել ամա,

Եվ ո՛չ մի աստղ վերից դեռ ներքև չի՛ ընկել»։

Մանուշակագույն Եղիշե Չարենց

Իրիկուն էր։ Իրիկնային տրտմության
Հուշն էր հյուսվում — մայրամուտի մի երազ։
Դու հարազատ ու մոտ էիր ինձ այնքան՝
Քո աչքերով իրիկնային, ցողաթաց…

Քո աչքերի ու երկնքի կամարում
Ճառագայթները, այնքան հե՜զ, այնքան ջի՜նջ,
Ճախրում էին, հոգևարում ու մարում՝
Համբուրելով ծիածանը ամոքիչ…

Եվ լույսերը, որ ճախրեցին ու անցան,
Իրիկնային ժպիտի մեջ այն վերջին —
Անրջացած, երազ դարձած սրբացան,
Որպես դեմքը քո լուսավոր — իմ հոգին…

Կարդում ենք արևմտահայերեն

Կատար

Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Ցավ չունիմ, վիշտ չունիմ, հրճվանք չունիմ.
Անցեր եմ, հեռացեր եմ այդ բոլորեն.
Վեր եմ ելեր…

Անդուլ, անվերջ, ձյունի մեջեն կը քալեմ.
Ամայի, մութ բարձունքներու հովին մեջեն,
Ճակատըս վեր.
Ու կարծես թե, իմ այս հիվանդ մատներուս տակ,
Ամեն րոպե մանիշակներ կը փայփայեմ…

Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Այնպե՜ս սուզված կապույտին մեջ…
Ինձ կը թվի, իրիկուն մը,
Ես այս լեռնեն`
Կարող կ’ըլլամ հոգիիս ա´ստղը համբուրել…

Մոլորում

«Երթա՜նք, երթա՜նք», կ’ըսեր, «հեռո՜ւն,
Մութ բըլուրին ծաղիկներուն,
Հոն նվազի՜նք անհունորեն՝
Բըլուրին մութ ծաղիկներեն…»

«Չերթա՜նք, չերթա՜նք», ըսի իրեն,
«Չե՞ս վախնար մութ հեռուներեն.
Ես լըսած եմ մահերգն անհուն
Մութ բըլուրին ծաղիկներուն…»

Չուզեց լըսել, գընաց հեռուն,
Մութ բըլուրին ծաղիկներուն,
Դեռ կ’իմանամ լացը իրեն՝
Բըլուրին մութ ծաղիկներեն…