Կարդում ենք արևմտահայերեն

Կատար

Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Ցավ չունիմ, վիշտ չունիմ, հրճվանք չունիմ.
Անցեր եմ, հեռացեր եմ այդ բոլորեն.
Վեր եմ ելեր…

Անդուլ, անվերջ, ձյունի մեջեն կը քալեմ.
Ամայի, մութ բարձունքներու հովին մեջեն,
Ճակատըս վեր.
Ու կարծես թե, իմ այս հիվանդ մատներուս տակ,
Ամեն րոպե մանիշակներ կը փայփայեմ…

Ի՜նչ գեղեցիկ կատար է այս.
Այնպե՜ս սուզված կապույտին մեջ…
Ինձ կը թվի, իրիկուն մը,
Ես այս լեռնեն`
Կարող կ’ըլլամ հոգիիս ա´ստղը համբուրել…

Մոլորում

«Երթա՜նք, երթա՜նք», կ’ըսեր, «հեռո՜ւն,
Մութ բըլուրին ծաղիկներուն,
Հոն նվազի՜նք անհունորեն՝
Բըլուրին մութ ծաղիկներեն…»

«Չերթա՜նք, չերթա՜նք», ըսի իրեն,
«Չե՞ս վախնար մութ հեռուներեն.
Ես լըսած եմ մահերգն անհուն
Մութ բըլուրին ծաղիկներուն…»

Չուզեց լըսել, գընաց հեռուն,
Մութ բըլուրին ծաղիկներուն,
Դեռ կ’իմանամ լացը իրեն՝
Բըլուրին մութ ծաղիկներեն…

Advertisements

Մատթեոս Զարիֆյան

Միայն քեզ

Կեսգիշերի երկընքեն՝
Լըռությունով մը անբավ՝
Աստղե՛րն անգամ քե՜զ կերգեն․․․

Ու մենավոր թուփերեն՝
Լըռությունով մը անբավ՝
Վարդերը քե՜զ կբուրեն․․․

Ու մինչ կերթամ հովին դեմ՝
Լըռությունով մը անբավ՝
Ես միայն քե՜զ կաղոթեմ․․․

———————————————————–

Կեսգիշերի երկնքում՝
Անսահման լռությամբ՝
Անգամ աստղերը քեզ կերգեն․․․

Ու մենավոր թուփերից՝
Անսահման լռությամբ՝
Վարդերը քեզ համար կբուրեն․․․

Ու մինչ կգնամ հովին ընդառաջ՝
Անսահման լռությամբ՝
Միայն քեզ համար կաղոթեմ․․․